ԴԱՀԿ կողմից հետախուզման մեջ գտնվելու պատրվակով վարորդական վկայականի կրկնօրինակ չտրամադրած ՃՈ աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքում ԴԱՀԿ կողմից հետախուզման մեջ գտնվելու պատրվակով հրաժարվել էին վարորդական վկայականի կրկնօրինակ տրամադրել Վանաձորի բնակիչ Սեյրան Բաբայանին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի հիման խնդիրը լուծվել էր, սակայն Կազմակերպությունը դիմումի գրավոր պատասխան չէր ստացել ինչպես վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելու, այնպես էլ խախտում կատարած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին:
2017 թ. նոյեմբերի 9-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերոնշյալ դիմումում ներկայացված պահանջները կատարելու հարցով դիմել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին:
Նոյեմբերի 28-ի իր պատասխանում վերջինս հայտնել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի հիման վրա Ս. Բաբայանին վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրվել է: Ինչ վերաբերում է խախտում թույլ տված աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելուն, ՃՈ պետը նշում է, որ «Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի անձնակազմը կրկին անգամ հրահանգավորվել է խստորեն պահպանել եւ կատարել իրավական ակտերով իրենց վերապահված գործառույթները»:
Ինչպես երեւում է Ե. Կարապետյանի պատասխանից, դրանում խախտում կատարած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չկա. մինչդեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ինչպես Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի պետին, այնպես էլ ՃՈ պետին ուղղված դիմումով պահանջել էր պատասխանատվության ենթարկել նրանց:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն պահանջով դիմում կներկայացնի նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:



























