Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի այն դրական ձեռքբերումները, որ Հայաստանն անցած տարի ունեցել է թե՛ տնտեսության, թե՛ քաղաքական ոլորտներում, ամբողջովին տեղափոխվեն 2018 թվական եւ ամրապնդվեն ու ավելի շատանան:
«Կարծում եմ՝ ձեզ ավելի, քան որեւէ մեկին, հայտնի են մեր տնտեսության այս տարվա ցուցանիշները, եւ ուզում եմ շեշտել, որ այդ ցուցանիշների ձեռքբերման մեջ մեծ է ձեր դերակատարությունը՝ ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ առեւտրային բանկերի:
Շատ կարեւոր է, որ դուք, իրոք, մեծ ինքնուրույնություն եք ցուցաբերում: Ձեր օրինակը ուրիշների համար պետք է վարակիչ լինի»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ անընդունելի համարելով բոլոր այն խոսակցություններն ու մոտեցումները, թե պետք է փորձել արհեստականորեն ֆինանսական համակարգի միջոցով ազդել տնտեսության վրա:
«Հասկանալի է, որ ֆինանսական համակարգը շատ բաներով կանխորոշում է երկրի առաջընթացը, տնտեսական աճը, բայց երբ դրա հիմքում ընկած են օբյեկտիվ իրականություններ, այլ ոչ թե արհեստականորեն մտացածին բաներ»,-նշել է Նախագահը:
Ընդունելության ժամանակ Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բանկային համակարգի աշխատակիցներին անցնող տարում համակարգի զարգացման գործում ներդրած ջանքերի համար եւ մաղթել հետագա հաջողություններ:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ 2018 թվականին Կենտրոնական բանկի առջեւ դրվող հիմնական խնդիրներին եւ անելիքներին:
.jpg)
.jpg)
.jpg)




























