Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները գործում են, բայց դրանց արդյունքները միայն երկարաժամկետ հեռանկարում նկատելի կդառնան։ Այս մասին ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ հայտնել է «Արտաքին գործերի մայդան» հիմնադրամի միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Ալեքսանդր Խարան։ Նրա խոսքով, անկախ պատժամիջոցներից Ռուսաստանը 2014-ից սկսած արդեն իսկ դժվար տնտեսական վիճակում էր գտնվում։
«Հունվար-փետրվար ամիսներին մենք կտեսնենք ագրեսիային ու կոռուպցիային առննչություն ունեցող ռուս պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցային ցուցակների ընդլայնում, նաեւ ամերիկյան նոր պատժամիջոցների ցանկում նոր ընկերություններ կհայտնվեն։ Դա կարող է ավելի ցավոտ հարված լինել»,- ասում է Խարան։ «Դրանք իրավիճակի վատացման կատալիզատոր են դարձել, զսպելով տնտեսական ու տեխնոլոգիական զարգացումը։ Դրանք ցավոտ հարվածում են զինված ուժերը արդիականացնելու, բարձրտեխնոլոգիական ոլորտները զարգացնելու՝ Ռուսաստանի հնարավորություններին։ Չէ որ Ռուսաստանը տեխնոլոգիական առումով հետամնաց երկիր է։ Ամենացավոտը տեխնոլոգիական սահմանափակումներն են, նաեւ ֆինանսական շուկաների սահմանափակումները։ Եվ այսպես, մինչեւ պատերազմը նավթագազային ոլորտի փոխառությունների ավելի քան մեկ քառորդը Ռուսաստանը իրականացնում էր եվրոպական շուկաներում։ Հիմա, եթե դա առհասարակ հնարավոր է, հաշվի առնելով ռիսկերը, նման փոխառությունների գինը զգալիորեն աճել է։ Ու դա էներգակիրների ցածր գների ֆոնին»,- ասել է փորձագետը։ Խարան նաեւ նշել է, որ պատժամիջոցային ռեժիմում երկու մոնոլիտ կա՝ Վաշինգտոնն ու Բերլինը։ «Հաշվի առնելով, որ Անգելա Մերկելը մնում է կանցլեր, նրա դիրքորոշումը՝ մինչեւ Մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը Դոնբասում ագրեսիայի կապակցությամբ ներդրված հակառուսական պատժամիջոցները շարունակելու վերաբերյալ, դժվար թե փոխվի։ Վաշինգտոնը ջանքեր է գործադրել պատժամիջոցների այս ճարտարապետությունը ստեղծելու համար, հետեւաբար կշարունակի խրախուսել եվրոպացիներին, որ չհրաժարվեն դրանից»,- ասում է Խարան, հավելելով, որ «գալիք տարի պուտինյան ռեժիմի վրա ամերիկյան պատժամիջոցների նոր ալիք է ակնկալվում ՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու, նաեւ փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը խախտելու համար»։ Փորձագետը նաեւ հիշեցրել է, որ Ղրիմի ու Դոնբասի հետ կապված պատժամիջոցներից բացի վերջերս ավելացել են նաև պատժամիջոցներ հյուսիսկորեական հարցում Ռուսաստանի ոչ կառուցողական դերակատարման, մարդու իրավունքների ոտնահարման ու կոռուպցիայի պատճառով»։ «Հուսով եմ, որ ՈՒկրաինայի Գերագույն Ռադայում վերջերս ներկայացված օրենքի նախագիծը, որը նախատեսում է Մագնիտսկու օրենքի նման պատժամիջոցներ, նույնպես կհաստատվի»,- ասում է Խարան։ Ավելի վաղ ՈՒկրաինայի, ՌԴ-ի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պնախարարի նախկին օգնական Մայք Քարփենտերը հայտնել էր, որ Ռուսաստանի վրա ազդեցության ամենաուժեղ լծակները պատժամիջոցներն են, քանի որ դրանք ազդում են ռուսական տնտեսության վրա, նաեւ ՝ դիվանագիտական մեկուսացումը, Ուկրաինայի ու Արեւելքում ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների զարգացումը։




























