ԱՊՀ նախագահությունը 2018 թվականի հունվարի մեկից Ռուսաստանից կանցնի Տաջիկստանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը նշել է, որ Տաջիկստանի նախագահությունը ենթադրում է միջոցառումների մի ամբողջ համալիր, որն ուղղված է լինելու համագործակցության խորացմանը եւ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայեցակարգով սահմանված մոտեցումները կսատարեն եւ կիրականացվեն Համագործակցության բոլոր անդամների գործուն մասնակցությամբ։

Մասնավորապես, Լեբեդեւը կարծում է, որ 2018 թվականին կստորագրվի ԱՊՀ շրջանակներում ծառայությունների ազատ առեւտրի համաձայնագիրը։

Անկախ պետությունների համագործակցությունը նախկին խորհրդային հանրապետությունների մեծամասնությանն անդամակցությամբ միջազգային միություն է։ Այն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Բելոռուսի ու Ուկրաինայի ղեկավարների կողմից։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին նրանց են միացել Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովիան, Տաջիկստանը, Թուքմենստանը, Ուզբեկստանը։ 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկի գագաթաժողովի ժամանակ ընդունվել է միության կանոնադրությունը։