Հունվարի 1-ին՝ ժամը 17:0 5-ին, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մասնաճյուղից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապահոցից հափշտակվել է մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդերը, մոտ 7200 դոլար եւ 8.300.000 դրամ գումար:

Կազմակերպությանը պատճառվել է 281.000.000 դրամի գույքային վնաս:

Ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի կարեւորագույն հանգամանքները:

Մասնավորապես պարզվել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին եւս դրամապահոցից հափշտակվել է ընդհանուր 90.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու ձուլակտորներ, 803.000 դրամ եւ 4829 դոլար: Այս գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել ու ձերբակալվել մասնաճյուղի կառավարիչ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը, որն էլ ահազանգել էր ոստիկանություն:

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայկազ Մարտիրոսյանը դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երեւանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, որն էլ մասնաճյուղից գողություն է կատարել արդեն հունվարի 1-ին՝ կազմակերպությանը պատճառելով 281.000.000 դրամ գույքային վնաս:

Իրավապահները հայտնաբերել են գողոնի մի մասը:

Առգրավված ոսկյա զարդերն ու գումարը ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արսեն Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ: