Առնվազն 29 մարդ է վիրավորվել, իսկ մեկը զոհվել  «Էլեոնոր» ձմեռային փոթորկի հետեւանքով, որը հարվածել է Ֆրանսիայի տարածքին հունվարի 3-ի գիշերը: Այս տվյալները հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFM հեռուստալաիքը։

Հունվարի 3-ին հայտնել էին երկրի արեւմտյան, կենտրոնական ու արեւելյան շրջաններում բնության այս տարերքից  15 տուժածների մասին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ չորս մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Հյուսիսային եւ արեւմտյան շրջաններում ուժեղ քամիների, անձրեւների եւ կայծակի հարվածների արդյունքում 35 հազարից ավելի տներ էլեկտրաէներգիա չեն ունեցել: Կորսիկայում առանց էլեկտրականության են մնացել մոտ 11,000 տնային տնտեսություն:

Օդերեւութաբանները զգուշացնում են, որ հունվարի 4-ին «Էլեոնոր»-ը  շարունակելու է հարվածել  մի քանի ֆրանսիական շրջաններին: Օրվա ընթացքում Ալպերում սպասվում են ձնաբուքեր, Վերին Սավոյայում, Սավոյայում եւ Վերին Ալպերում, օդերեւութաբանների կարծիքով, ձնահյուսերի մեծ վտանգ կա: Օրվա ընթացքում սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 50 մ/վրկ: Այս օրերին լեռնադահուկային սպորտի սիրահարներին խորհուրդ  է տրվում նկատի ունենալ բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցները, հետեւել  եղանակային կանխատեսումներին եւ հաշվի առնել տեղական իշխանությունների առաջարկությունները:

Ձմեռային փոթորիկները պարբերական երեւույթներ են Ֆրանսիայում: Նրանք գալիս են ԱՄՆ-ի արեւելյան  ափերից, արագորեն անցնում Ատլանտյան օվկիանոսը եւ  հարվածում երկրի  տարբեր շրջաններին: Այս տարի օդերեւութաբանները կարծում են, որ Ֆրանսիայում իրավիճակը աննախադեպ է՝ երեք շաբաթվա ընթացքում «Էլեոնորն» դարձել է չորրորդ փոթորիկը: Նախորդ փոթորիկը՝  «Կարմենը», ընդամենը մի քանի օր առաջ էր հարվածել։