Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են ընդհանուր 12 միլիոն դրամից ավելի թոշակների հափշտակության դեպքը։

Հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարի չափը՝ 12.620.000 դրամ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի եւ այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:

Նախնական տվյալներով պարզվել է, որ «Հայփոստի» ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետեւել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գ.Հակոբյանը, որը Շահումյան գյուղում, օգտվելով «Հայփոստի» մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող: Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երեւանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: