Մեքսիկայի Վերակրուս նահանգում 5 մարդու անդամատված մարմին են հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղական ոստիկանությունը հաղորդում է, որ հինգ կտրված գլուխներն ավազակները թողել են Տլակոտալպանի ճանապարհին՝ տաքսու թափքի վրա:

Ավտոմեքենայի ներսում հայտնաբերվել են սպանվածների մարմինների մնացած մասերով լցված պարկեր: Նրանց կողքին դրված է եղել, այսպես կոչված,  «թմրաուղերձ»՝ «Խալիսկո-Նոր սերունդ»  մեքսիկական կարտելներից մեկի անունից, ինչը կարող է այս սպանությունների մեջ նրանց մասնակցության մասին վկայել:

Վերակրուս նահանգը վաղուց է դարձել երկու խոշոր թմրակարտելների՝ «Լոս Սետասի» եւ «Ծոցի» դիմակայության թատերաբեմ: Այժմ նրանց է միացել նաեւ «Խալիսկոն»: Այս խմբավորումները  մրցակցում են ԱՄՆ մատակարարվող թմրանյութերի վերահսկողության համար:

Բացի այդ, Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուաուա նահանգի Սյուդադ Հուարես քաղաքում 15 մարդ է սպանվել, հաղորդում է Proceso պորտալը:

Սպանությունները կատարվել են տարբեր վայրերում. նախ երեք մարդ է սպանվել, ապա չորս մարդու սպանել են տան մեջ, որտեղ մեքենաների վերանորոգման սրահ է եղել, եւս երեք մարդու գնդակահարել են մեքենայում: Գրեթե միաժամանակ փողոցներից մեկում սպանվել է 15-ամյա դեռահաս եւ եւս մեկ մարդ, ապա կրակել են եւս երեք կանանց վրա: