Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հունվարի 6-ին ժամը 20։48-ին ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետեւանքով տուժածներ կան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են Mercedes-E (վարորդ՝ 1966թ. ծնված Պ. Գ.) եւ ՎԱԶ 2107 մակնիշի (վարորդ՝ 1974թ. ծնված Ս. Գ.) ավտոմեքենաները: Բախման հետեւանքով ՎԱԶ 2107-ը հայտնվել է ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՎԱԶ 2107-ի վարորդը եւ ուղեւորը տեղափոխվել են Սպիտակի բուժկենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան եւ դուրս բերել այն ձորակից:



























