Երկու կնոջ մահացու վրաերթի ենթարկած վարորդը՝ 55-ամյա Ալեքսան Մկրտչյանը կալանավորվել է: Երկամսյա կալանքի որոշումն այսօր՝ հունվարի 7-ին կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մրգաշատ գյուղի 55-ամյա բնակիչը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ՃՏՊ, որն առաջացրել է երկու եւ ավելի մարդու մահ):

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Ալեքսան Մկրտչյանը Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 31-րդ կմ-ում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել չորս հետիոտնի՝ 39-ամյա Գրետա Ղուկասյանին, 41-ամյա Իռա Շահնազարյանին, 49-ամյա Սուսաննա Գրիգորյանին եւ 45-ամյա Նաիրա Աղաջանյանին։ Վերջինը տեղում մահացել է, ավելի ուշ հիվանդանոցում մահացել է նաեւ Սուսաննա Գրիգորյանը:

Բժշկական փորձաքննության պարզվել էր, որ վարորդը մեքենան վարել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։ Մկրտչյանը մեքենան այնքան արագ է վարել, որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը շուրջ 30 մետր շպրտվել է հանդիպակաց երթեւեկելի գոտի: