ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խարդախության կատարման մեջ մեղադրվող Հ. Հունանյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22.11.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնել է, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, այնուհետեւ հորդորել է այդ մասին պաշտպանին չհայտնել եւ քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու դիմաց պահանջել է խոշոր չափերով կաշառք:

Բացի այդ, ամբաստանյալը հայտնել է, որ իր նախաքննական ցուցմունքներում առկա որոշ ստորագրություններ իր կողմից չեն կատարվել: Հ. Հունանյանը նույնաբովանդակ հաղորդում է տվել նաեւ Հատուկ քննչական ծառայությունում:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: