ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ն. Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ Ա. Ղազարյանը, գողություն կատարելու դիտավորությամբ, 2017 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայի սրահից գաղտնի վերցրել է իրեն պատկանող՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող բնակարանի դռան բանալիները, ապա` ապօրինի մուտք է գործել նշված բնակարան եւ այնտեղից հափշտակել 1.200.000 ՀՀ դրամ, 1105 ԱՄՆ դոլար եւ 50 Եվրո՝ իրեն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում 13.12.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Ղազարյանը մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար: