32-ամյա ծննդկանի մահվան մեջ մեղադրվող Վանաձորի ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը Վանաձոր ԲԿ-ում շարունակում է իր գործունեությունը:
Նշենք, որ Քրեական վարույթն իրականացնող քննիչի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին միջնորդագիր է ներկայացվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին` Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման հարցը քննարկելու համար: Նույն օրը նախաքննական մարմինը «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացել է ներկայացված միջնորդագրի պատասխանը` համաձայն, որի քննիչի կողմից ներկայացված` Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցնելու միջնորդությունը բավարարվել է եւ ընկերության տնօրենի կողմից հրաման տրվել` 2018 թվականի հունվարի 8-ից ժամանակավորապես կասեցնել Դավիթ Շահվերդյանի լիազորությունները:
NEWS.am-ի հետ զրույցւոմ Դավիթ Շահվերդյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը նշեց, որ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենն իր իսկ կայացրած հրամանը չեղյալ է հայտարարել եւ Դավիթ Շահվերդյանը սովորական գրաֆիկով գնումէ աշխատանքի:
«Իհարկե գնում ա, որոշում կայացրել էին, բայց դա անօրինական որոշում էր, Աշխատանքային օրենսգրքի խախտում, նման բան չկա: Այս ընթացքում աշխատել ա, այս ամսվա աշխատանքային գրաֆիկն էլ արդեն կազմվել է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Լոռու դատախազին՝ միջնորդելով դադարեցնել ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարությունը: Դատախազը, սակայն մերժել էր միջնորդությունը, պատճառաբանելով, թե Շահվերդյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հիմքերը բացակայում են:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական քննությամբ փաստացի տվյալներ են ձեռքբերվել, որ 32-ամյա կինը Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետեւանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման եւ նրա մահվան հետ:
2017թ. նոյեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Դավիթ Շահվերդյանին՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։



























