ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Մասնավորապես, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ վարչական դատարանի 2011 թ.-ի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել է հայցվոր Հ. Ա.-ի միջնորդությունը, որով համապատասխան ընկերությանն արգելվել է վերջինիս պատկանող` Երեւան քաղաքում գտնվող ակումբի շենքին հարակից հողատարածքում որեւէ շինարարական գործողություն կատարել: Արդյունքում, դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնում հարուցվել են կատարողական վարույթներ: 2011 թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում վիճելի տարածքը զննելիս` ԴԱՀԿ ծառայության վերը նշված բաժնի աշխատակիցները հայտնաբերել են շինարական աշխատանքների կատարման մասին վկայող տվյալներ, սակայն, չնայած այդ հանգամանքին, միջոցներ չեն ձեռնարկել նախապատրաստվող շինարարությունն արգելելու եւ դատարանի որոշման պահանջները չկատարելու համար պատասխանող կողմին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Արդյունքում, 2011 թվականի հուլիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, վիճելի տարածքում կառուցապատում է կատարվել:

Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայութունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: