Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործով նախագահող դատավոր Վաչե Մարգարյանն այսօր` հունվարի 11-ին, մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Դատավոր Վաչե Մարգարյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից` նշեց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է:

Պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը միջնորդություն ներկայացնելիս նշել էր, որ դատարանը անաչառ եւ անկախ չէ, մեղադրանքի կողմից է հանդես գալիս:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: