Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանն այսօր՝ հունվարի 11-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդությամբ հանդես եկավ: Նա նշեց, որ «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին արձանագրության 4-րդ եւ 5-րդ էջերում առկա ստորագրությունն իրենը չէ: Նա միջնորդեց դատարանին նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն՝ պարզելու իր ստորագրությունն է, թե ոչ:
«Ստորագրել են մի փաստաթղթի տակ, որի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը: Պնդում եմ, որ արձանագրության մեջ իմ անուն, ազգանվան դիմաց իմ ստորագրությունը չէ, ես այն չեմ ստորագրել, այսպիսի բովանդակությամբ արձանագրություն ինձ չի ներկայացվել»:
Դատարանը նշեց, որ ներկայացված միջնորդությանը հաջորդ դատական նիստին կանդրադառնա, դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 18-ը:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:



























