2017 թվականին մարզերում անցկացվել է 39 արշավախումբ, այդ թվում՝ այլ երկրների գիտական կենտրոնների հետ 16 համատեղ: Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Որպես կատարված աշխատանքի ամենաաչքի զարնող արդյունք Ավետիսյանը նշեց Արմավիրի մարզի Լեռնագոգ 1 հուշարձանը: Շրջանում առաջին անգամ գրանցվել են մ.թ.ա. 8-7-րդ հազարամյակի իջեւանատեղիի շերտեր: Մինչեւ հիմա Հայաստանում հայտնաբերված ամենահին շերտերը թվագրվել են մ.թ.ա. 6-րդ հազարամյակի առաջին քառորդով (Ակնաշեն, Մասիս): Գտնված հուշարձանը մի ամբողջ հազարամյակով հին է, եւ 2018-ին այստեղ ակտիվ պեղումները կշարունակվեն: Նշենք, որ աշխատանքները կատարվել են ճապոնացի մասնագետների հետ համագործակցությամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում Արագածի շրջանում ֆրանսիացի գործընկերների հետ ուսումնասիրվել են նոր հուշարձաններ (Արտենի), որոնք ձեւով անիվ են հիշեցնում: Պեղումներ են սկսվել պարզելու համար դրանց գործառնական եւ պրակտիկ նշանակությունը: «Հարկ է, որ Մշակույթի նախարարությունը դրանք պահպանության ներքո վերցնի, քանի որ դեռեւս կարող են ոչնչացվել ցանկացած տրակտորիստի կողմից: Աշխատանքի համար մեծ միջոցներ են ծախսվել, եւ հիմա պետությունը միայն պետք է դրանք պահպանի»,- նշեց Ավետիսյանը:


Հետազոտության առարկա է եղել Քուռ-Արաքսյան եւ Ուրուկյան (շումերական) մշակույթների փոխկապն ու փոխազդեցությունը: Անցյալ տարի նաեւ սկսվել են հուշարձանների «փրկարարական» պեղումներ, որոնք կարող էին մնալ «Հյուսիս-Հարավ» մայրուղու տակ (դամբարաններ Մաստարա գյուղում, կենդանիների թակարդներ եւ թաղման վայրեր): Պեղումները կատարվել են մինչեւ դեկտեմբերի 10-ը: «Կարելի է ասել, որ Թալինից մինչեւ Լանջիկ հատվածում ոչ մի հուշարձան չկա, որը կմնար ճանապարհի տակ: Շատ լավ արդյունքներ են»,- նշեց Ավետիսյանը:
2018 թվականին նշված ուղղություններով աշխատանքները կշարունակվեն: Ծրագրվում են ամառային դպրոցներ, մասնավորապես՝ Լոս Անջելեսի համալսարանի հետ համագործակցությամբ ամառային դպրոց Մասիսում:




























