Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նիստն այսօր` հունվարի 15-ին, հետաձգվեց: Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէին ներկայացել գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի շահերի պաշտպաններ Միհրան Պողոսյանն եւ Երեմ Սարգսյանը: Դատարան Միհրան Պողոսյանից դիմում էր ստացվել այն մասին, որ անհետաձգելի քննչական գործողության է մասնակցելու եւ չի կարողանա մասնակցել նիստին: Նա դատարանին խնդրել էր նիստը հետաձգել եւ այն նշանակել հունվարի 22-ին, ժամը 14:00-ին: Դատարանն արձանագրեց, որ պաշտպաններից Երեմ Սարգսյանն արդեն մի քանի նիստ չի ներկայանում, բացակայության պատճառների մասին դատարանին տեղյակ չպահելով: Դատարանը արձագանագրեց, որ նիստերի օրն ու ժամը նախապես որոշվել է դատարնի կողմից եւ պաշտպանների բացակայությունն անհիմն համարեց: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանին տեղեկացրեց, որ մյուս նիստին պաշտպանների բացակայության պարագայում Չիչոյանին կառաջարկվի նոր պաշտպան ներգրավել:
Տուժող Փառանձեմ Մեյթիխանյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը եւս նիստին ներկա չէր. Մեյթիխանյանը նշեց, որ իր պաշտպանը նիստին կներկայանա մի փոքր ուշացումով:
Դատարանը նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 22-ը, ժամը 14:00-ն:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:



























