2004թ-ին Իսպանիայի Վալենսիա համայնքում ստեղծված առաջին հայկական միության կողմից նույն թվականին բացվեց հայկական կիրակնօրյա դպրոցը, որտեղ այսօր հաճախում եւ հայերեն են սովորում 3-14 տարեկան շուրջ 33 աշակերտներ: Դպրոցի աշակերտները հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ յուրօրինակ նախաձեռնությամբ են հանդես եկել: Նրանք իրենց ձեռքերով նամակներ են գրել հայ զինվորներին եւ ուղարկել Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իսպանիայի «Արարատ» Հայկական Միության նախագահ եւ հայկական դպրոցի տնօրեն, ծնունդով հրազդանցի, գրող, հրապարակախոս, պատմաբան Արարատ Ղուկասյանը:
«Դպրոց մինչ այժմ հաճախել են 200 աշակերտներ: Մեր աշակերտներով դեռ անցյալ տարի էինք նախաձեռնել զինվորներին նամակներ ուղարկելու գործը: Ամեն նամակում այստեղ ապրող երեխան իր շնորհակալությունն էր հայտնել հայ զինվորին՝ իրեն եւ մեր հայրենիքը պաշտպանելու համար: Բոլորն իրենց ձեռքով են պատրաստել, կային երեխաներ, որանք նամակներում Արցախն էին պատկերել, հայկական դրոշը: Գրեցինք, բայց չէինք կարող հավատալ, որ պատասխան նամակ կստանանք զինվորներից: Այսօրվա դասը դրանով էր յուրահատուկ, հենց բանակի օրը մենք բացեցինք ու կարդացինք պատասխան նամակները: Դուք պետք է տեսնեիք երեխաների ուրախությունն ու զարմանքը, երբ ընթերցում էի իրենց անունները: Նրանք շատ ուրախ էին»,-նշեց Արարատ Ղուկասյանը:
Վերջինս NEWS.am- թղթակցին պատմեց, որ իրենք հայկական դպրոցում երեխաներին դասավանդում են հիմնականում հայոց լեզու, հայ գրականություն,պարարվեստ, թատերարվեստ. «Շատ ենք ցանկանում, որ Իսպանիայում ապրող հայ երեխան իմանա իր պատմությունը, լեզուն, ավանդույթները ու չկտրվի իր հողից: Մեր միությունը Իսպանիայում պետականորեն գրանցված միակ հայկական կազմակերպությունն է, որի շրջանակներում տարբեր մշակույթային միջոցառումներ ենք անում, գրական ցերեկույթներ, հայկական գրքերի շնորհանդեսներ, այն ամենը, ինչ կապված է հայկականության հետ»,-նշեց Արարատ Ղուկասյանը:

































