Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիական Հանրապետության հետ շարունակել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված ջանքերը, այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ 2017 թվականի հաշվետվության մեջ:
Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում վերահաստատվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթում:
Արտգործնախարարը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի մանրամասները եւ դրա վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ներկայացրել է դեկտեմբերին Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում իր ծավալուն ելույթում։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ինը կետերով ներկայացրել էԱդրբեջանի ապակառուցողական կեցվածքը, ինչի պատճառով, մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ԼՂ բանակցային գործընթացում: 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը: Այդ գագաթաժողովին կայացած բանակցությունների արդյունքներով վերջին գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ ընդունվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն:
Տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացել է հինգ հանդիպում։ Բաքուն շարունակել է նախկինում ձեռք բերված պարտավորություններից հետկանգնելու իր քաղաքականությունը` խաթարելով բանակցային գործընթացը: Հայաստանը բազմիցս շեշտել է, որ եթե Ադրբեջանը հետեւի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին եւ կառուցողաբար ներգրավվիբանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման համար:
2017թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ընդունվել է 14 հայտարարություն: Մասնավորապես, դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել տարեկան ամփոփիչ հայտարարությամբ, որում լիակատար աջակցություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա: Շեշտել են, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները պետք է իրականացվեն: Կոչ են արել ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունները եւ այլն: Սրանք այն դրույթներն են, որոնց բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայաստանը, ի տարբերություն՝ Ադրբեջանի:
Մայիսի 18-ին եռանախագահները հասցեական հայտարարություն են ընդունել, որտեղ մատնացույց են արել, որ հենց Ադրբեջանն է խախտել զինադադարը՝ առաջինն է հրետանիով կրակ բացել: Տարվա ընթացքում համանախագահներին Երեւանում երեք անգամ ընդունել է Հանրապետության Նախագահը, կայացել են հանդիպումներ ԱԳ նախարարի հետ: Էդվարդ Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել է նաեւ Մյունխենում, Նյու Յորքում, Ժնեւում, Մոսկվայում եւ Վիեննայում: Տարածաշրջանային իրենց այցելությունների շրջանակում եռանախագահներն այցելել են Ստեփանակերտ եւ հանդիպումներ ունեցել Արցախի ղեկավարության հետ։
Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեությանը եւ հիմնահարցի կարգավորման երեք սկզբունքներին սատարող հայտարարություն է ընդունվել նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանին: Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեջ ամրագրվել է Մինսկի խմբի համանախագահներին եւ որպես հիմնախնդրիկարգավորման հիմք նրանց կողմից առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին աջակցության մասին դրույթը։
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման երեք սկզբունքները տեղ են գտել նաեւ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված երկու բանաձեւերում եւ վերահաստատվել են դեկտեմբերին ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կողմից ընդունած եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների մեջ:
ՀՀ-ն գործադրել է բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման համար. ԱԳՆ
Հասանելի է
русский



























