Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, որի 11-րդ համագումարը տեղի ունեցավ հունվարի 28-ին, հանդես է եկել հայտարարությամբ՝ գնահատականներ հնչեցնելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալապես անապահով հատվածն ունի կուսակցության գործնական աջակցության կարիքը, որը դրսեւորվելու է քաղաքական բոլոր հնարավոր հարթակներում եւ շարունակելու է մնալ Կուսակցության գործունեության առանցքային թիրախը:
Հասարակության կարեւորագույն ու առավելապես խոցելի հատվածը աշխատավոր մարդն է: Համագումարը գտավ, որ ՍԴՀԿ պետք է շարունակի իր ուշադրության կենտրոնում պահել ու գործնական քայլեր կիրառել՝ աշխատավոր մարդու իրավունքները պաշտպանելու եւ եղած աղաղակող խախտումներին հանրային հնչեղություն ապահովելու համար:
Օրենքի լիակատար հավասարությունը երկրում անվտանգության գլխավոր երաշխիքն է: Ուստի համագումարը կարեւոր է համարում համահայկական ջանքերի գործադրումը երկրում առկա արատավոր երեւույթների արմատախիլ անելու հարցում:
Արտագաղթը Հնչակյան կուսակցությունը համարում է երկրի առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավեր: Այն վերածվել է ազգային աղետի, որը կասեցնելու համար անհրաժեշտ է գործնական քայլեր, աշխատատեղերի ապահովում եւ քաղաքացիների՝ ՀՀ-ում ապրելու արժանապատիվ պայմաններ:
Համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի եւ կուսակցության համար մնում է առանցքային, սկզբունքային խնդիր: Կուսակցությունը կանգնած է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման կողքին եւ անվերապահ սատարում է Հայաստանի եւ Արցախի Զինված ուժերին: Խաղաղ ժամանակ հնչակյանը քաղաքացի է, պատերազմական դրության ժամանակ հայոց բանակի զինվոր:
Համագումարը գտնում է, որ երիտասարդությունը երկրի շարժիչ ուժն է, ուստի անհրաժեշտ է հստակ երիտասարդությանը նվիրված քաղաքական գծի ամրապնդում, ծրագրերի իրականացում:
Երկրի ընդերքը համաժողովրդական հարստությունն է, ուստի համագումարը ապագա վարչությանը հանձնարարում է ձեւավորել ու կազմակերպել ընդերքի ճիշտ շահագործման հայեցակարգ:
Առաջիկա ներքին քաղաքական զարգացումների մասին ՍԴՀԿ Հայաստանի նորընտիր վարչությունը իր ժամանակին հանդես կգա հավելյալ հայտարարությամբ»:




























