Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր՝ հունվարի 30-ին, պաշտպանական կողմը դատաքննությունը լրացնելու միջնորդություններով հանդես եկավ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում ամբաստանյալներից Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդեց գործի նյութերին կցել տեղեկանք այն մասին, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը Սերգեյ Ուռումյանն է: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Դատարանը քրեական գործի նյութերին կցեց պաշտպանական կողմի կատարած հարցումն ու «Շենգավիթ» ԲԿ-ից ստացված պատասխանն այն մասին, թե 2015թ.-ի հուլիսի 24-ին, 25-ին, 26-ին եւ 27-ին ովքեր են հերթապահել եւ որ օրերին է աշխատում Շուշանիկ Բախշյանը:

«Մենք հարցում ենք արել Առողջապահության նախարարություն այն մասին, թե կեսարյան հատումն առաջնային բժշկական օգնությո՞ւն է, թե՞ մասնագիտացված: Մեզ հարցման համար հիմք էր հանդիսացել մեղադրողի հայտարարությունը, թե առաջնային բժշկական օգնությունն է խախտվել: Առողջապահության նախարարությունից պատասխան ենք ստացել, որ կեսարյան հատումը մասնագիտացված բժշկական օգնություն է»,- հայտարարեց Ալեքսանդր Սիրունյանը:

Դատավորն ընթերցեց ԱՆ պատասխանը, որից անկհայտ դարձավ, որ նախարարությունն առաջնորդվել է 2016թ.-ի փետրվարի հրամանով: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսին:

«Խեղաթյուրված եք ներկայացնում պատասխանը, սա ինչո՞վ է վերաբերվում մեր գործին, եթե մեր դեպքը տեղի է ունեցել հրամանից 6 ամիս առաջ»,- իր խոսքում նշեց դատավոր Դավիթ Բալայանը:

Դատարանն այնուամենայնիվ քրեական գործին կցեց ներկայացված հարցումն ու պատասխանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այն վերաբերելի չէ սույն քրեական գործին:

«Մենք հարցում ենք արել, թե Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում երբ են ինտերնետի կապ անցկացրել: Մենք պատասխան ենք ստացել, որ ինտերնետը քաշել ենք դեպքից հետո: Սա նշանակում է, որ առիթ չի եղել, քննիչն ինտերնետ չի ունեցել, բայց ղեկավարվել է կայքով»,- հաջորդ միջնորդությունը ներկայացրեց Շուշանիկ Բախշյանի պաշտպանը:

Փակագծեր պաշտպանը չբացեց, բայց խոսքը վերաբերում էր այն փաստին, որ այս դեպքով քրեական գործ է հարուցվել NEWS.am-ի հրապարակման հիման վրա: Դավիթ Բալայանը կապ չգտավ քննչական բաժնում ինտերնետ կապի անցկացման եւ քրեական գործի հարուցման միջեւ, բայց այնուամենայնիվ, փաստաթուղթը կցեց քրգործին: Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց նաեւ, որ իրենք հարուցում են ուղարկել նախարարություն՝ պարզելու համար, թե համացանցային կայքերը զանգվածային լրատվության ինչ միջոց են համարվում:

«Քրեական գործ կարող է հարուցվել մամուլի, ռադիոյի եւ հեռուստաընկերության հրապարակումների առթիվ, հիմա մենք հարցում ենք ուղարկել՝ պարզելու համար, թե համացանցային կայքերն ինչ են համարվում, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- ասաց նա:

Դատարանը հարցումը նույնպես կցեց քրեական գործին: Նշենք, որ դատարանն այսօր բավարարեց նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունն ու դատախազությունից պահանջեց տրամադրել գործից անջատված մասով նշանակված փորձաքննության որոշումն ու եզրակացությունը: Մեղադրողը այն կներկայացնի հաջորդ դատական նիստին:

Դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 14-ին: