ՀՀ 4–րդ նախագահը ներկայացուցչական բնույթի սուբյեկտ է։ Այս մասին Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց NEWS.am–ի հետ զույցում։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին է առաջարկել առաջադրվել որպես գործող իշխանության նախագահի թեկնածու։ Արմեն Սարգսյանն այս օրերին տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է կազմակերպում եւ քննարկում երկրի առջեւ ծառացած խնդիրները, դրանց լուծումները եւ, բնականաբար, իր առաջադրվելու հարցը։ Նա ժամանակ էր խնդրել Սերժ Սարգսյանի առաջարկն ընդունելու համար
Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցինք՝ Արմեն Սարգսյանն, օրինակ, ընտրվելու դեպքում կարող է արտագաղթը կանխող, երկրի տնտեսությունը զարգացնող ծրագիր իրականացնել, ունի՞ այդպիսի լծակ, պատասխանեց. «Երբ որ ՀՀ նախագահը ինքը իշխող քաղաքական ուժի, մեծամասնության ներկայացուցիչ է, ինքը որեւէ խոստում կարող է իրագործել՝ այդ մեծամասնությունը հիմք ընդունելով։ Երբ խոստում է տալիս, առնվազն հենվում է այն քաղաքական իշխող կուսակցության վրա, որի կողմից ընտրվել է։ Այդ քաղաքական իշխող կուսակցությունը համարվում է իր լծակը իր խոստումներն ու նպատակները իրագործելու համար»։
Հարցին՝ իշխանության ներկայացուցիչների կողմից բազմաթիվ գովեստների արժանացած այս թեկնածուն կկարողանա՞ օգտակար լինել այն ոլորտներում, որտեղ թերացել է իր ծրագրրեի իրականացման համար հետագայում լծակ հանդիսացող իշխող մեծամասնությունը, պատասխանեց. «Շատ խնդիրների լուծման համար պետք է ունենաս համապատասխան գործառույթներ։ Ես կարծում եմ, պարոն Սարգսյանը իր գործառույթները կիրականացնի առավելագույնս»։ Այդուհանդերձ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը շեշտեց, որ 4–րդ նախագահը ներկայացուցչական բնույթի սուբյեկտ է։



























