ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին` հույս հայտնելով, որ ընթացիկ ու դեռեւս քննարկման փուլում գտնվող համագործակցության ծրագրերը բարեհաջող շարունակություն կունենան։

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է «Խելացի քաղաքի» կոնցեպտի ներդրմամբ Երեւանի երթեւեկության բեռնաթափման եւ Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգի ծրագրերը։

Նախարարը նշել է, որ այս երկու նախագծերում էլ չափազանց կարեւորում է ԵՄ աջակցությունը, քանի որ դրանք իրականացնելու համար ոչ միայն ռեսուրսները, այլեւ փորձն է շատ կարեւոր։

Կողմերն անդրադարձել են նաեւ ճանապարհային անվտանգության խնդիրներին` քննարկելով համագործակցության շարունակականությունը նաեւ այս ուղղությամբ։