Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Երուսաղեմի կարգավիճակը իր այցելության ընթացքում , որը Թուրքիայի նախագահի առաջին այցելությունն էր Վատիկան վերջին 59 տարվա մեջ , հայտնում է Reuters-ը։
Էրդողանի ու Հռոմի պապի անձնական հանդիպումը 50 րոպե է տեւել։ Ըստ Սուրբ գահի մամլո ծառայության, կողմերը քննարկել են «Երուսաղեմի կարգավիճակը՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու անհրաժեշտությունը երկխոսության ու բանակցությունների միջոցով, որոնց հիմքում կլինի մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի պահպանումը»։
Հանդիպման վերջում Հռոմի պապը Էրդողանին բրոնզե մեդալիոն է նվիրել, որի վրա պատկերված է հրեշտակ, որը գրկել է հյուսիսային ու հարավային կիսագնդերը՝ հաղթահարելով վիշապի դիմադրությունը։ «Սա խաղաղության հրեշտակն է, որը դիմադրում է պատերազմի հրեշին։ Սա արդարության ու խաղաղության վրա հիմնված խորհրդանիշ է»,- ասել է Հռոմի պապը Էրդողանին։
Այցելությունը անցնում է անվտանգության աննախադեպ միջոցառումների ֆոնին։ Հռոմի կենտրոնում ու Վատիկանի մոտ տեղակայված են 3500 ոստիկաններ։ Դեպի Վատիկան տանող ճանապարհների մեծ հատվածներ արգելափակված են։ Քաղաքային իշխանությունները արգելել են չթույլատրված հանրահավաքները պաատների մոտ, որտեղ անցնելու են Էրդողանի հանդիպումները, նաեւ հյուրանոցի մոտ, որտեղ նա ապրելու է իր այցելության ընթացքում։
Այդուհանդերձ՝ մոտ 1500 մարդ բողոքի ակցիա է կազմակերպել Սանտ Անջելո ամրոցի մոտ ու փորձել է ներխուժել Վատիկան՝ ճեղքելով ոստիկանների շղթան։ Բախումների հետեւանքով մեկ ցուցարար է տուժել, հայտնում են երկու ձերբակալվածների մասին։
Հակամիգրանտային Հյուսիսային լիգայի ղեկավար Մաթեո Սալվինին հայտնել էր, որ Էրդողանին ընդունելը «խայտառակություն» է իտալական կառավարության համար։ Նա Թուրքիայի նախագահին անվանել է «արյունոտ վարչակազմի ղեկավար, որը սպանել է ազատությունը» ։
Իր այցելության ընթացքում Էրդողանը հանդիպելու է նաեւ Իտալիայի նախագահի ու վարչապետի հետ։
Reuters-ը նշում է, որ թուրքական պատվիրակության կազմում է նաեւ Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմետ Պակաչին, որին Անկարան հետ էր կանչել այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրապարակավ հայտարարել է, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում 1․5 մլն հայերի սպանությունը Ցեղասպանություն է եղել։




























