Նիդերլանդների Քրիտոնեկան Միություն կուսակցությունը Հայոց ցեղասպանության հետ կապված 2 նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: Այս մասին NEWS.am-ի հեդտ զրույցում ասաց Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ  Մասիս Աբրահամյանը:

«Քրիստոնեական միություն կուսակցությունը այն կուսակցությունն է, որ 2004 թվականին առաջ քաշեց Հայոց ցեղասպանության ընդունման նախագիծը եւ այն ժամանակ միաձայն ընդունվեց: Եւ հիմա, քանի որ երկար տարիներ են անցել եւ կառավարությունները կարծես մի քիչ շեղվել են այդ գծից, մենք Քրիստոնեական միության հետ միասին հարմար ենք գտել եւ, իհարկե, մեր առաջարկությամբ, իրենց նախաձեռնությամբ հիմա այդ նախագիծը տրվում է ավելի շատ հաստատելու այն, ինչ որ 2004 թվականին արդեն մի անգամ կայացել է:  Այսինքն՝ մեկ անգամ էլ վերհիշելու եւ հաստատելու, որ Կառավարությունը չխուսանավի այդ որոշումից»,- ասաց Մասիս Աբրահամյանը:

Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահի խոսքով՝  մյուս որոշումը բավական գործնական որոշում է. «Քրիստոնեական միություն կուսակցության ղեկավար  Ջոել Ֆորդեւինդը փորձում է խորհրդարանի միջոցով որոշում  ընդունել, որը կպարտադրի, որ Հայոց ցեղասպանության հիշատակման համար  պետական մակարդակով Նիդերլանդները ներկայացուցիչ ուղարկի Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու համար»:

Մասիս Աբրահամյանի կարծիքով՝ սա շատ լավ նախաձեռնություն է, հատկապես այն պարագայում, երբ կառավարությունը բավականին հեռացել էր 2004 թվականի ընդունված որոշումից:

«Մեզ համար հատկապես շատ ցավալի էր այն փաստը, որ Կառավարությունը վերջին շրջանում անընդհատ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, նրանք ոչ թե օգտագործում են «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ «Հայոց ցեղասպանության խնդիր» բառակապակցությունը, այսինքն կարծես կասկածի տակ են առնում Հայոց ցեղասպանությունը, ինչը մեզ համար ցավալի է»,- հավելեց Մասիս Աբրահամյանը:

Նշենք, որ նշված նախագծերը քննարկվելու են փետրվարի 15-ի պատգամավորական հարց ու պատասխանի ժամանակ: