Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի դեմ դատավարությունը նախագահի անձնական վրեժն էր այն վիրավորանքների համար, որոնք Սեֆիլյանն ու Սաֆարյանը իրենց թույլ էին տվել կատարել նրա հասցեին: Այս մասին փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում «Քրեական գործով Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարկային առաջադրված մեղադրանքները եւ տվյալ գործով պաշտպանության մտահոգությունները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը չկարողացավ նրանց ներել այդ հանդգնությունը եւ որոշեց ցանկացած գնով իրեն վիրավորողներին պատժել:

«Գիտեք, երբեմն մարդիկ իրենց անհարմար են զգում այն պատճառով, որ այսպիսի երկրում են ապրում, որ մենք մինչեւ այսպիսի մակարդակի ենք իջել»,- դժգոհեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Ըստ որում՝ այս ամենը Իշխանյանին հշեցնում է 1937 թվականը: Այսպես՝ նա համեմատեց 1937-ի քաղաքական բռնաճնշումները, որոնք անցկացվում էին ԽՍՀՄ-ում Ի. Ստալինի ղեկավարությամբ, եւ  Ժիրայր Սեֆիլյանի ու Գեւորգ Սաֆարյանի դեմ քաղաքականապես մոտիվացված դատավարությունները: Իրավապաշտպանը նաեւ հայտարարեց, որ ամեն կերպ պետք է պայքարել այս կարգի բռնաճնշումների դեմ եւ ամեն կերպ պաշտպանել սեփական իրավունքները:

Հիշեցնենք, որ դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է 11, իսկ Գեւորգ Սաֆարյանին՝ 4,5 տարվա ազատազրկման: