Այսօր՝ փետրվարի 16-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության գրասենյակ են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչները՝ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակի կողմից բռնության ենթարկված «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանից եւ Սոննա Աղեկյանից բացատրություն վերցնելու եւ նրանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր տրամադրելու նպատակով:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը եւ Սոննա Աղեկյանը փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում իրենց նկատմամբ բռնի գործողությունների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների առկայությունը ստուգելու համար այսօր այցելել են դատաբժիշկների:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից ակնկալում է քրեական գործի հրատապ հարուցում եւ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ մեղադրյալների ներգրավում, որը մինչ այս պահը, առավել քան բավարար հիմքերի առկայության պայմաններում, դեռեւս տեղի չի ունեցել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:




























