Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոդրիգո Նյետոն:
Հանրապետության Նախագահը, շնորհավորելով դեսպան Նյետոյին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ այս տարի լրանում է երկու երկրների միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել այս ընթացքում արձանագրված արդյունքների եւ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռքբերումների մասին: Հանրապետության Նախագահի համոզմամբ՝ Հայաստանն ու Չիլին պետք է նոր եռանդով ամրապնդեն հարաբերությունները՝ օգտագործելով փոխգործակցության առկա ներուժի բոլոր հնարավորությունները:
Սերժ Սարգսյանը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը, որը, նրա գնահատմամբ, թեեւ փոքրաթիվ է, սակայն իր մասնակցությունն ունի Չիլիի գրեթե բոլոր ոլորտների զարգացմանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չիլիի իշխանություններին եւ ժողովրդին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:
Հանրապետության Նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ այդ կապերին առանձնակի բնույթ են հաղորդել 2007թ. Չիլիի Սենատի, իսկ այնուհետեւ` 2015թ. Պատգամավորների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւերը:
Հանդիպման ընթացքում Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. Չիլի կատարած իր պաշտոնական այցը եւ նախագահ Միշել Բաչալետի հետ ունեցած արդյունավետ հանդիպումը:
Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք կարեւորել են նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը միմյանց երկրներում:
Դեսպան Նյետոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը առավել ամրապնդելու արդեն ձեւավորված հայ-չիլիական բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չիլիական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որին կողմերի համոզմամբ, կարող է նպաստել նաեւ Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքը:
Այդ համատեքստում դեսպան Ռոդրիգո Նյետոն տեղեկացրել է, որ այժմ Չիլին ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիր կնքելու բանակցություններ է վարում եւ պատրաստակամ է նման բանակցություններ վարելու նաեւ կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ:
.jpg)
.jpg)




























