Ապրիլի 9–ից 17–ը ընկած ժամանակահատվածը հնարավարություն է ընձեռում ժողովրդին բոլոր հարցերի լուծման եւ չլուծման համար։ Այդ մասին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։ Նա շեշտել է, որ նորընտիր նախագահը ստանձնելու է իր պաշտոնը, կառավարությունը հրաժարական է տալու եւ այդ 8 օրվա ընթացքում վարչապետի ընտրությունն է կազմակերպվելու։
«Մենք չենք ունենալու գործող կառավարություն, ունենալու ենք պաշտոնակատար, ամսի 9–ից 17–ը տեղի է ունենալու վարչապետի թեկնածուների առաջադրումը։ Ամսի 17–ին, վերջերս կատարված օրենսդրական փոփոխությամբ, տեղի է ունենալու վարչապետի ընտրություն։ Հիմա բոլոր հարցերը պետք է լուծվեն կամ չլուծվեն այս ժամանակահատվածում»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների հարցին՝ ինչ քայլեր է ձեռնարկու «Ելքը» այդ ուղղությամբ, Փաշինյանն ասել է, թե ինքը հիմա այդ մասին է մտածում։ Ինչ վերաբերում է այսօրվա արտահերթ նիստից հետո թանկացումների դեմ իրենց պայքարի շարունակությանը, ասել է՝ պետք է քննարկեն հետագա անելիքները։




























