Հետաքննությունը չի կարծում, որ Կրեմլի անցկացված գործողությունը փոխել է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարել է Գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնը` ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության 13 քաղաքացիների եւ երեք ռուսաստանյան ընկերությունների դեմ մեղադրական եզրակացությունը, որոնց ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրում է ընտրություններին միջամտելու մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Չնայած այն հանգամանքին, որ ռուսները ԱՄՆ քաղաքացիներին ներգրավել են քաղաքական գործողություններ կազմակերպելու մեջ, քննիչները դեռեւս կարծում են, որ որեւէ դավադրության մասին խոսք չկա:

 «Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ամերիկացիներից ոչ ոք (գործունեությանը ներգրավված) չի իմացել, թե ով է կանգնած դրա հետեւում», - ասել է Ռոզենստայնը:

«Որոշ ամբաստանյալներ, որոնք իրենց որպես ԱՄՆ քաղաքացիներ են ներկացրել եւ թաքցրել են, որ իրենք ռուսներ են, շփվել են Թրամփի քարոզարշավի աշխատակիցների եւ այլ քաղաքական գործիչների հետ՝ փորձելով համակարգել քաղաքական գործունեությունը», - նշվում է մեղադրական եզրակացությունում:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է հայտնի սկանդալային «Ինտերնետային հետազոտությունների գործակալությունը», որը արեւմտյան եւ ռուսական լրատվամիջոցներում «Թրոլների գործարան» անվանումն է ստացել, եւ  Concord Management եւ Concord Catering ընկերությունները, որոնք պատկանում են Սանկտ Պետերբուրգի գործարար Եվգենի Պրիգոժինին։

Գործարարը, որ նախագահ Պուտինի մտերիմների շրջանակից է, գլխավորում է ցուցակը:

Բացի Պրիգոժինից հրապարակած ցուցակում հիշատակվում են Միխայիլ Իվանի Բիստրովը, Միխայիլ Լեոնիդի Բուրչիկը , Ալեքսանդրա Յուրիի Կրիլովան, Աննա Վլադիսլավովի Բոգաչովան, Սերգեյ Պավելի Պոլոզովը, Մարիա ԱՆատալիի Բովդան, Ռոբերտ Սերգեյի Բովդան, Ջեյխուն Նասիմի օղլի Ասլանովը, Վադիմ Վլադիմիրի Պոդկոպաեւը, Գլեբ Իգորի Վասիլչենկոն, Վլադիմիր Վենկովը։

Քննչական խմբի կողմից պատրաստված 37 էջանոց մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ բոլոր ռուսները խախտել են օրենքը, որն արգելում է օտարերկրացիներին ֆինանսական ռեսուրսներ օգտագործել Միացյալ Նահանգների դաշնային ընտրությունների ընթացքի վրա ազդելու համար: