2016թ.-ի դեկտեմբերին ուղեւորուհուն դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող տաքսու վարորդը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ տաքսու վարորդ Գարեգին Եղիազարյանը 2016թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, ավտոմեքենայի մեջ գումարային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքերով 2-3 անգամ հարվածներ է հասցրել ուղեւորուհի Քրիստինեի դեմքին: Այնուհետեւ տաքսու վարորդը խեղդելով շնչահեղձ է արել աղջկան՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից, որից հետո դիակը գցել է Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Գարեգին Եղիազարյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 10 տարի ժամկետով: Դատարանը մասնակի բավարարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի քաղաքացիական հայցը եւ Գարեգին Եղիազարյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձել 1 մլն 250 հազար դրամ:

Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ 2016թ. դեկտեմբերի 27-ին անհետ կորել էր Երեւանի բնակչուհի Քրիստինե Ա.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 44-ամյա Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է Ք. Ա.-ի դիակի գտնվելու վայրը:

Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Սևակավան բնակավայրի վարչական տարածքի սկզբնամասում՝ ձորակի լանջին:

Դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսու վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը: