Փետրվարի 24-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ փետրվարի 23-ի ժամը 18.00-ից մինչեւ փետրվարի 24-ի ժամը 3.25-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով եւ շարժիչի կափարիչը բացելով, փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երեւան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները համատեղ նշված շենքի մոտից գողություն կատարելու համար նույն օրը, ժամը 4.00-ին, բերման են ենթարկել 30-ամյա Գարուշ Մ.-ին` «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, եւ 46-ամյա Արսեն Շ.-ին, որոնք տվել են խոստովանական բացատրություն, ինչպես եւ հայտնել, որ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել են գողություններ:

***

Փետրվարի 24-ին, ժամը 5.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 67-ամյա Սամվել Բ.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 23-ի ժամը 17.00-ից մինչեւ փետրվարի 24-ի ժամը 4.40-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելու միջոցով, Դ.Անհաղթի փողոցի 19 շենքի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են արեւային ակնոցներ եւ ABS արգելակման համակարգը:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել են այլ գողություն կատարելու համար բերման ենթարկված 30-ամյա Գարուշ Մ.-ն եւ 46-ամյա Արսեն Շ.-ն:

Գողոնն առգրավվել է:  Գարուշ Մ.-ն եւ Արսեն Շ.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն: