ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ խոշտանգում կատարելու մեջ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Կարապետյանը 08.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներ Արթուր Սահակյանն ու Կարեն Դավթյանն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Կարապետյանի կողմից հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, դեպքի պահին ոստիկան Կ. Դավթյանի կողմից կատարված տեսանկարահանման ձայնագրության զննությամբ պարզվել է, որ վերջինս եւ ոստիկան Ա. Սահակյանը պատշաճ կարգով Գ. Կարապետյանին տեղեկացրել են, որ նա գտնվում է հետախուզման մեջ եւ հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հայհոյանքներ է հնչեցրել, հրել եւ հարվածել նրանց, ինչպես նաեւ դիմադրություն ցույց տվել Կ. Դավթյանին:

Գ. Կարապետյանի կողմից նախաքննական մարնին սուտ տեղեկություններ հայտնելու հանգամանքը հիմնավորվել է նաեւ նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ այլ ապացույցներով:

Արդյունքում` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, եւ քրեական գործով վարույթը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Գ. Կարապետյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն: