ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Բնակարանային գողության մեջ մեղադրվող, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով քրգործ է հարուցվել:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 13.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներ Մանուկ Մանուկյանն ու Տարոն Բարսեղյանը Արարատի մարզի բնակարաններից գումարի եւ ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության:

Ա. Սարգսյանը հայտնել է, որ  արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետեւ նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը եւս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Ա. Սարգսյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:

Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ հոդվածների 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ա. Սարգսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: