ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քաղաքացի` Մանիկ Մալխասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 18.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ 15.01.2018թ.-ին ոստիկանության ծառայողները Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի մոտակայքից իրեն նստեցրել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության ավտոմեքենան եւ տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Մ. Մալխասյանը հայտնել է, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկաններից մեկը հարվածել է իր գլխին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` բերման ենթարկելու գործընթացի տեսագրության զննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մալխասյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ ոստիկանության ծառայող Գեւորգ Գեւորգյանի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:
Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Մ. Մալխասյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:




























