Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտից հետո մի շարք միջնորդություններ են ներկայացվել: Գործով մեղադրյալ բժիշկ Դավիթ Շահվերդյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ միջնորդություն է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան լրացուցիչ հարցաքննելու մասին:
«Միջնորդություն եմ ներկայացրել առաջադրված մեղադրանքում հստակեցնելու առումով նոր հանգամանքներ ներառելու, Դավիթ Շահվերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործում կա մարզպետարանի գրություն, այդ փաստաթուղթը որպես ապացույց ճանաչելու մասին, ներկայացրել եմ առողջապահության նախարարի հրամանով հաստատված տեխնիկական ուղեցույցը, որի պահանջներն, իբր Դավիթ Շահվերդյանի կողմից չի պահպանվել, ես էլ կլինիկական ուղեցույցն եմ ներկայացրել եւ միջնորդել եմ կցել գործին եւ որպես փաստաթուղթ ճանաչել ապացույց, հարցաքննել փորձագիտական եզրակացությունը տված փորձագետներին՝ պաշտպանի մասնակցությամբ, որովհետեւ առանց ինձ են հարցաքննել նրանց, միջնորդել եմ լրացուցիչ հարցաքննել Դավիթ Շահվերդյանին, քանի որ կան նեղ մասնագիտական հանգամանքներ, որոնց վերաբերյալ Դավիթ Շահվերդյանը ցուցմունք է ցանկանում տալ, միջնորդել եմ նշանակել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն»,-ասաց պաշտպանը:
Արտակ Ոսկանյանը նշեց, որ եթե իր ներկայացրած միջնորդությունները մերժվեն, կբողոքարկի դատախազին:
Նշենք, որ քրեական գործը կազմված է 4 հատորից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձոր» ԲԿ-ում: Հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, ինչի արդյունքում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունները շարունակվել են ու հանգեցրել մահվան:
Գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորի ԲԿ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին եւ մանկաբարձ-գինեկոլոգ Ա. Բալայանին: Վերջինս այս տարվա հոկետեմբերին ավտովթարի հետեւանքով մահացել է:
(1).jpg)




























