Փետրվարի 25-ին, ժամը 20:26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետեւակային, դուրս թռչող (лягушка) տիպի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն` մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը. արկը պահպանության է հանձնվել ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցին:

Ականը տեղափոխելու համար դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության օպերատիվ խմբերը: Սակրավորները ականը տեղափոխել են Կապան քաղաքի զորավարժարան: