Իտալական կարաբիներների ծառայության աշխատակից, մայրաքաղաքային Լացիո շրջանի Չիստերն քաղաքի բնակիչը չորեքշաբթի օրը, հերթապահությունից տուն վերադառնալով, ծառայողական զենքից ծանր վիրավորել է կնոջը եւ պատանդ է վերցրել երկու դստրերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով RaiNews24 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ներկայումս իրավապահը փակվել է տանը իր երկու՝ 7 եւ 13 տարեկան աղջիկների հետ: Դեպքի վայր է ժամանել պահնորդների նահանգային ուժերի հրամանատար Գաբրիելե Վիտալիանոն, որը փորձում է լուծել ստեղծված իրավիճակը:

Պատճառները, թե ինչու է տղամարդը կրակ բացել սեփական կնոջ վրա, դեռ չեն պարզվել: Հաղորդվում է, որ միջադեպից առաջ ամուսինների միջև վեճ է ծագել, որին մասնակից է եղել նաեւ մի զինվորական: Բացի այդ, հայտնի է դարձել, որ զույգն ամուսնալուծության եզրին էր: Այժմ կինը հրազենային վնասվածքներով գտնվում է Հռոմի Սան Կամիլո հիվանդանոցում: