ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պապ Եփրեմյանը Արմավիր բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել եւ իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով:

Այսպես, Պապ Եփրեմյանը, 2017 թվականի օգոստոսի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում է ստացել Արմավիր բժշկական կենտրոնում: Բուժման ավարտից հետո հիշյալ կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Անահիտ Հայրապետյանից ստացել է իր հիվանդության էպիկրիզը, որում մասնավորապես նշված է եղել, որ այն ծանր ընթացք ունի` զուգորդված մի շարք բարդություններով: Պապ Եփրեմյանը նշված էպիկրիզը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնելուց հետո տեղեկացել է, որ դրանում նշված ախտորոշմամբ կճանաչվի շարային ծառայությանը ոչ պիտանի եւ կազատվի աշխատանքից: Ուստի, ծառայությունից չազատվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Պապ Եփրեմյանը կրկին այցելել է Ա. Հայրապետյանին եւ վերջինիս խնդրել ավելի մեղմ ախտորոշմամբ կեղծ էպիկրիզ կազմել:

Ա. Հայրապետյանը, համաքաղաքացի Պապ Եփրեմյանի խնդրանքը չմերժելու եւ նրան օգնելու անձնական դրդումներով, կազմել է կեղծ էպիկրիզ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ ախտորոշման հատվածում նշելով, որ հիվանդությունը միջին ծանրության ընթացք ունի` առանց բարդությունների:  Այնուհետեւ էպիկրիզը ստորագրելով՝ այն ներկայացրել է նաեւ բաժանմունքի վարիչի ստորագրմանը՝ նրանից թաքցնելով էպիկրիզում կեղծ գրառումներ մտցնելու հանգամանքը: Դրանից հետո Պապ Եփրեմյանը կեղծ փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով: Սակայն մինչ այդ արդեն իսկ տեղի ունեցած ռազմաբժշկական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել, որ Պ. Եփրեմյանը պիտանի չէ շարային ծառայության համար, եւ  08.09.2017 թ.-ին վերջինս ազատվել է աշխատանքից:

Հատկանշական է, որ աշխատանքից ազատվելու վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանը ստանալուց հետո Պապ Եփրեմյանը վերը նշված կեղծ էպիկրիզը կրկին օգտագործել է` այն դիմումին կից ներկայացնելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ այդ կերպ փորձելով վերականգվել աշխատանքի:

Այսպիսով, պաշտոնեական կեղծիքի դրդչություն կատարելու եւ պաշտոնեական իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար Պապ Եփրեմյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ պաշտոնեական կեղծիք կատարելու համար Անահիտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: