MenuGroup սննդի առաքման ծառայությունը սկսում է առաքումները Բելառուսի, Հայաստանի եւ Վրաստանի 7 նոր քաղաքներում։ Ինչպես հայտնել է ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը, մարտի 5-ից ծառայությունը հասանելի կլինի Գրոդնո, Գոմել, Վիտեբսկ քաղաքներում, Հայաստանի Դիլիջան եւ Վրաստանի Մցխեթա քաղաքներում։ Իսկ արդեն մարտի վերջում կմիանան Էջմիածինն ու Գորին։ Նաեւ սննդի առաքման ծառայություն են բացելու վրացական Նատախտարի գյուղում, որը մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։
Ծառայության ներկայացուցիչներն ընդգծել են, թե պահանջարկի ամենաբարձր ցուցանիշներն են ակնկալում Բելառուսում, ինչը կապված է նշված քաղաքների բնակչության մեծ թվի հետ։ Շրջաններում վաճառքների բաժինը կազմում է Menu.by-ի շրջանառության 10-12 տոկոսը, իսկ Գրոդնոյում, Գոմելում եւ Վիտեբսկում ծառայության մեկնարկը թույլ կտա այդ ցուցանիշն ավելացնել մինչեւ 30-35 տոկոսի։ Բելառուսում բիզնեսի ընդլայնման համար 100 նոր աշխատակիցներ են ընդունել աշխատանքի։
Հայաստանում ծառայությունն արդեն հասանելի է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում եւ Ծաղկաձորում։ Մարզերի համար բնորոշ են վաճառքների ավելի փոքր ծավալները՝ կապված բնակչության ցածր գնողունակության հետ։ Դիլիջանում ծառայության մեկնարկից հետո ակնկալվում է, որ շրջանների շրջանառությունը կկազմի Menu.am-ի 12-14 տոկոսը։
Վրաստանում իրավիճակը նման է հայկականին։ Այժմ սննդի առաքումները կատարվում են Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում եւ Քութաիսիում։ Մարկետելոգների կանխատեսումներով, Մցխեթան, Գորին եւ Նատախտարին շրջանների բաժինը կբարձրացնեն մինչեւ 10-12 տոկոսի, իսկ ամռանը Բաթումիի հաշվին այն կհասնի մինչեւ 16 տոկոսի։
«Փորձը ցույց է տալիս, որ բիզնեսը կարող է եկամտաբեր լինել նույնիսկ 30-40 հազար բնակչությամբ քաղաքներում։ Սննդի նկատմամբ մարդկանց սովորույթներն արագորեն փոխվում են։ Մենք վստահ ենք, որ մոտ ապագայում, առնվազն օրվա մեջ սպառվող սննդի 10-րդ մասը կառաքվի մերձակա որեւէ ռեստորանից։ Դա ոչ միայն կտնտեսի հաճախորդի գումարներն ու ժամանակը, այլեւ հնարավորություն կտա մշտապես նոր համեղ ուտեստներ ընդգրկել սննդակարգում»,- ասում է Վահան Քերոբյանը։
2017թ. հոկտեմբերին ընկերությունը 3 մլն դոլար է ներգրավել տարածքային զարգացման համար ամերիկյան PereaCapitalPartners հիմնադրամից, Hayastan 1 ներդրումային ընկերակցությունից եւ ռուսասկան SOLventures ընկերությունից, որի կառավարիչներից է՝ DeliveryClub սննդի առաքման ծառայության հիմնադիրը։
MenuGroup UK Ltd-ն սննդի առաքման առաջատարն է Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում։ Հինգ տարվա ընթացքում ընկերության պատվերների տարեկան ծավալը դարձել է ավելի քան 1 մլն։ Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղն ԱՊՀ-ում՝ պատվերների ընդհանուր թվով։




























