Հունաստանում երեքշաբթի անցկացվում է երկաթուղագործների մեկօրյա եւ տաքսիստների 9-ժամյա նախազգուշական գործադուլ, Աթենքի օդանավակայան հնարավոր է հասնել միայն ավտոբուսով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկաթուղագործները գործադուլ են անում ընդդեմ սեփականաշնորհման, իսկ տաքսիստները պահանջում են փակել տաքսու Uber ծառայությունը, որը ցանկացած վարորդի թույլ է տալիս առանց լիցենզիայի հաճախորդների սպասարկել:

Երկաթուղիների աշխատողների համահունական ֆեդերացիան երկուշաբթի անցկացրել էր 3-ժամյա գործադուլ, իսկ երեքշաբթի աշխատանքը դադարեցնում է մեկ օրով՝ բողոքելով Rosco ընկերության սեփականաշնորհման, երկաթուղային ընկերությունների վիճակի վատթարացման եւ անձնակազմի պակասի դեմ, նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Գործադուլի պատճառով չեղարկվում են երկաթուղային ամբողջ ցանցի, Աթենքի, Սալոնիկի եւ Պատրասի մերձքաղաքային գնացքների չվերթները, ինչպես նաեւ մերձքաղաքային էլեկտրագնացքների եւ Աթենքի մետրոյի՝ մինչեւ «Էլեֆտերիոս Վենիզելոսի» անվան միջազգային օդանավակայան:

Հունական երկաթուղիների TRAINOSE օպերատորը ճանապարհորդներին կոչ է արել իրավիճակին ըմբռնումով մոտենալ եւ ափսոսանք է հայտնել գործադուլի հետեւանքով առաջացած անհարմարությունների պատճառով, որոնց համար ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, նշված է TRAINOSE-ի հայտարարության մեջ:

SATA տաքսի ծառայության վարորդների պրոֆմիությունը երեքշաբթի տեղական ժամանակով առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան 5-ը անցկացնում է նախազգուշական գործադուլ՝ պահանջելով դադարեցնել ուղեւորների փոխադրման ոլորտում Uber-ի «ապօրինի գործունեությունը»:

SATA-ի հայտարարության մեջ նշված է, որ պրոֆմիությունը օրինական բոլոր միջոցներով փորձել է պաշտպանել տաքսիստների աշխատանքը՝ դիմել է հունական արդարադատությանը, հայցեր է ներկայացրել եւ դատաքննություններ նախաձեռնել, հարկային մարմիններից պահանջել է ակտիվացնել ապօրինի փոխադրումների վերահսկողությունը: