Հնդկաստանի Հուջարաթ նահանգում բեռնատարը, որի մեջ էին հարսանիք ուղեւորվող հյուրերը, կամուրջից ցած է ընկել եւ կողաշրջվել, որի հետեւանքով 26 մարդ զոհվել է, հայտնում է տեղական Zee News-ը:

Վթարը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում՝ Ռաջքոթ եւ Բհավնագար քաղաքները միացնող մայրուղու վրա: Նախնական տեղեկություններով՝ փոխադրամիջոցի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետեւանքով բեռնատարը կամրջից ընկել է առվի մեջ:

ANI գործակալության տեղեկություններով՝ վթարի հետեւանքով 12 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ավտոմեքենայի մեջ ընդհանուր 60 մարդ է եղել:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ հայտարարել, թե հուսով է, որ տուժածներն արագ կառողջանան: