Չնայած փակ սահմանին հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ քաղաքացիական հասարակության նախագծերի շնորհիվ կապեր են զարգանում: Այդ մասին հայտարարել է հետազոտող Ալին Օզինյանը, որը հայտնի է «Հայ անօրինական գաղթյալների վիճակը Թուրքիայում» հետազոտությունով, գրում է Today`s Zaman-ը:
Օզինյանը Թուրքիայի հայ է: Նա նշում է, որ Թուրքիայում հայ անօրինական ներգաղթյալների բազմաթիվ խնդիրներին գումարվում է ուշադրության կենտրոնում հայտնվելու հանգամանքը, երբ մեծանում է լարվածությունը հայ-թուրքական հարաբերություններում:
Today`s Zaman-ին տված հարցազրույցում Ալին Օզինյանը ներկայացրել է Թուրքիայում անօրինական հայ միգրանտների վիճակը եւ իր ընթացիկ աշխատանքը, որն իրականացնում է Բիզնեսի զարգացման թուրք-հայկական խորհրդի (TABDC) համար:
Օզինյանը փաստում է, որ հայ ներգաղթյալների երեխաները Թուրքիա ժամանելուց հետո չեն շարունակում կրթությունը, իսկ Թուրքիայում ծնվածները չունեն պաշտոնական ծննդական: Քանի որ Թուրքիայում չկա հայկական հյուպատոսություն եւ դեսպանություն այդ երեխաները մնում են առանց ազգության ու ինքնության: Օզինյանը հայտնել է, որ այսօր Ստամբուլում գործում է ընդհատակյա դպրոց, որտեղ հայ կամավոր ուսուցիչների շնորհիվ կրթություն են ստանում մոտ 70 երեխաներ:
«Եթե Թուրքիան ցանկանում է, որ այդ մարդիկ մնան այստեղ, ապա պետք է աշխատելու իրավունք տա նրանց: Եթե Թուրքիան չի ցանկանում այդ մարդկանց իր տարածքում տեսնել, ապա պետք է խստացնի վիզային ռեժիմը եւ դժվարացնի հայերի մուտքը Թուրքիա: Սակայն թուրքական կառավարությունը հարցի ուրույն գիտակցում ունի: Անկարան բարի կամքի դրսեւորում է համարում, որ չի վտարում այդ մարդկանց: Հայ միգրանտները դարձել են Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիք: Չի դիտարկվում, որ խոսքը մարդկային կյանքերի մասին է»,- նշում է Օզինյանը: Նա պատմում է հայ եւ թուրք մարդկանց սիրո պատմության մասին: Նրանք սիրահարվել են Եվրամիության նախագծերից մեկի շրջանակում հանդիպելուց հետո: Քաղաքացիական հասարակության աշխատանքի շնորհիվ կարծրատիպերը կոտրվում են: Փակ սահմանը չի կարող արգելք լինել մարդկային զգացմունքներին:





























