Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) հաստատվել է 1961 թվականին Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute) IX կոնգրեսում եւ ամեն տարի ITI-ի ու միջազգային թատերական հանրության կողմից նշվում է մարտի 27-ին: Այն ավանդաբար անցնում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոց» նշանաբանով:
Թատրոնի միջազգային ինստիտուտի գործունեությունը, իր կանոնադրության համաձայն, ուղղված է «ժողովուրդների միջեւ խաղաղության եւ բարեկամության ամրապնդմանը, աշխարհի բոլոր թատերական գործիչների ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը»: Թատրոնի համաշխարհային օրվա առաջին միջազգային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոն (1889—1963): Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Թատրոնի միջազգային ինստիտուտը աշխարհի խոշորագույն հասարակական կազմակերպությունն է, որն զբաղվում է կատարողական արվեստով:
Թատերական առաջին բեմադրության մասին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 2500 թվականով: Թատերական առաջին խաղը տեղի է ունեցել Եգիպտոսում, սյուժեն եգիպտական առասպելաբանության կերպարներն էին՝ Օսիրիս աստծու պատմությունները: Թատրոնի միջազգային օրը ոչ թե պարզապես բեմի վարպետների եւ թատրոնի բոլոր աշխատակիցների միջազգային մասնագիտական տոնն է, դա մեր տոնն է՝ միլիոնավոր սրտացավ հանդիսատեսի տոնը:




























