Կառավարությունը մարտի 29-ի նիստում հավանություն է տվել է «ԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) կողմից ներմուծվող սարքավորումներն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատումն երկարացնելու մասին որոշմանը։ Որոշման նախագիծը ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստում հավանություն էր տրվել ներդրումային ծրագրի շրջանակում 64.5 մլն դրամ արժողությամբ սարքավորումների ներկրման համար «ԱՆԴ» ընկերության կողմից ավելացված հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու մասին որոշմանը: 
«Այժմ արտոնությունը կգործի 67.1 մլն դրամ արժողությամբ սարքավորումների ներկրման համար, քանի որ ընկերությունը ձեռք է բերում 2.6 մլն դրամ արժողությամբ  հակակարկտային ցանց խնձորի այգիների համար»,–նշել է փոխնախարարը։

«ԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զբաղվում է այգեգործությամբ (խնձորի այգիներ) եւ մեղվաբուծությամբ:  Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է կազմակերպել խնձորի եւ մեղրի քացախի արտադրություն։