Սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսը միջազգային համագործակցության խթան կդառնա: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, այդ ցուցահանդեսի բացման ժամանակ իր խոսում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա իր ողջույնի խոսքում նշեց, որ պաշտպանական արդյունաբերության բնագավառում նորարարական եւ բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության եւ արդյունաբերության զարգացման գործում:

«Կարճ ժամանակահատվածում մշակվել եւ զինված ուժերի սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ, որոնց մի մասին կարող եք ծանոթանալ այս ցուցահանդեսի տաղավարներում:

Պաշտպանական արդյունաբերության զարգացումը մեր երկրի տնտեսության զարգացման ուղղություններից է: Արդեն իսկ ընդունվել է 2018-2024 թվականներին ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը, որի գլխավոր նպատակն է մասնագիտական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելն ու արտասահմանյան շուկաներ դուրս գալը»,-ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով, ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է ակտիվ գիտագործնական ծրագիր, գիտաժողովների եւ կլոր սեղանների ձեւաչափով, ինչը հնարավորություն կտա քննարկելու պաշտպանության եւ անվտանգության արդի խնդիրները, ռազմական եւ երկակի նշանակության արտադրանքի մշակման ու արտադրության կատարելագործման հեռանկարային ուղղությունները, ամրապնդել արդեն եղած կապերը եւ նոր կապեր հաստատել գիտնականների, ձեռնարկությունների փորձագետների միջեւ, կազմակերպելով նաեւ առկա խնդիրների առարկայական ու արհեստավարժ քննարկումը:

«Այս օրերին այստեղ իրենց արտադրանքները ներկայացնելու են 34 հայկական եւ 14 երկրից ավելի քան 60 կազմակերպություններ, այդ թվում այդ ոլորտում ճանաչված հսկաներ:

Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով ժամանել են 10 երկրների պետական պատվիրակություններ ՌԴ-ից, Հունաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Իրանից, Սերբիայից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ Եգիպտոսից:

Մասնակցում է նաեւ ՀԱՊԿ-ի պատվիրակությունը: Վստահ եմ, որ «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսը մեր երկրների զինվորականների գիտական եւ գործարար շրջանակների միջեւ արդյունավետ երկխոսության հարթակ կդառնա, ինչպես նաեւ խթան միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 29-ին, Հայաստանում կբացվի սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 խոշոր միջազգային ցուցահանդեսը:

Մարտի 29-ին Հայաստանում կբացվի սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 խոշոր միջազգային ցուցահանդեսը