Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականն անդրադարձել է Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանի բացմանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը , պարբերականը գրում է, որ արձանի բացման արարողությանը ներկա է լինելու կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

La Stampa-ն նշում է, որ բացմանը մասնակցելու նպատակով Վատիկան կժամանի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ով այդ օրն առավոտյան ընդունելության կարժանանա Հռոմի պապի կողմից: Ավելի ուշ, կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդը կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Վատիկանի սրտում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը Նախագահ Սարգսյանի ցանկությունն էր, որի մասին նա բարձրաձայնել էր 2016 թվականի հունիսին, երբ Ֆրանցիսկոս պապը ժամանել էր Հայաստան՝ «առաջին քրիստոնյա երկիր»: Այցի ժամանակ Հայաստանի ղեկավարը Հռոմի պապին էր նվիրել Նարեկացու արձանի մանրակերտը՝ ի նշան երախտագիտության այն բանի, որ 2015 թվականին Գրիգոր Նարեկացուն շնորհվել էր Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում:

La Stampa-ն գրել է նաեւ, որ ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը՝ տեղադրվելիք արձանի հեղինակը նույն ճարտարապետն է, ով հեղինակել էր Պապին նվիրված մանրակերտը:

Նարեկացու արձանի հեղինակը Դավիթ Երեւանցին է: