Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երեւանում տեղակայված SoftConstruct ընկերության գրասենյակ: Կառավարության ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել է ընկերության գործունեությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ եւ դրանց սպասարկումով:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել    աշխարհի 14 երկրներում եւ ունի ավելի քան 500 գործընկեր: SoftConstruct-ի եւ նրա հետ փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների թիվը հասնում է 2500-ի:

Բացի խաղային ծրագրերից՝ SoftConstruct-ում ստեղծվել են շատ այլ ծրագրեր, որոնց թվում են՝ Ucraft-ը, որը կայքեր պատրաստելու արագ եւ պարզ հարթակ է, CRM-ը՝ ուղղված հաճախորդների հետ կապի ապահովմանը, MegaFeed ծառայությունը, որը համարվում է առաջատարներից մեկն աշխարհում եւ տեսահեռարձակում չունեցող խաղերի մասին մարզադաշտերից օնլայն տեղեկատվություն հավաքագրելու ամենաարագ եւ արդյունավետ միջոցն է: Նշվել է, որ SoftConstruct-ի մշակված ծրագրերի ու հավելվածների MegaFeed համակարգը թույլ է տալիս տեղեկատվությունն աշխարհի ցանկացած կետից հաճախորդներին փոխանցել մինչեւ 0,5 վայրկյան արագությամբ, ինչը զգալիորեն ավելի արագ է ցանկացած տեսակի հեռուստահեռարձակումից: Ընկերության FCBanking ծրագիրն էլ նախատեսված է վարկային կազմակերպությունների համար: 

Ընկերության ղեկավարները նշել են, որ նախատեսում են տարեցտարի ընդլայնել SoftConstruct-ի գործունեությունն ու ավելացնել աշխատատեղերի թիվը:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է ընկերության ակտիվ գործունեությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը միտված քայլերն ու ծրագրերը: