Այն պայմանավորվածությունը, որը 1996 թվականին ձեռք է բերվել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ՝ կապված ռուսական ռազմական բազայի առկայության հետ, չի նախատեսում ռուսական լրացուցիչ ռազմական կազմավորումների տեղակայում։  Այս մասին մարտի 30-ին՝ «Միակողմանի դաշինք. ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտմամբ տեղակայվելու են Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: 

Նրա խոսքով, ռազմական ոստիկանությունը բանակային կազմավորում չի հանդիսանում, քանի որ այն, չնայած ստեղծվել է Պաշտպանության նախարարության կազմում, իրականացնում է ոստիկանական գործառույթ. «Ռազմաբազայի համաձայնագրի մեջ նման կետ չկա։ Այդպիսի կետ չկա, քանի որ ռազմական ոստիկանությունը Ռուսաստանում հայտնվել է միայն 2011 թվականին»,–պարզաբանել է Գրիգորյանը։ 

Միաժամանակ, նա նշել է, որ մինչ ռուսական ռազմական ոստիկանությանը թույլատրելը համապատասխան գործողություններ սկսել Հայաստանի տարածքում, կառավարությունը պետք է մշակի եւ կնքի նոր պայմանագիր, որը կանցնի քննարկումների բոլոր փուլերով, այդ թվում՝ կքննարկվի խորհրդարանում։ 
Փորձագետի կարծիքով, հայկական կողմն ամեն դեպքում պետք է պատրաստ լինի  իրադարձությունների այլ զարգացման՝ ելնելով մեր շահերից. «Ինչպես հասկացա ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պետք է կարգուկանոն հաստատեն ռուսական ռազմական բազայում։ Շատ լավ։ Եկեք քննարկենք ինչ հիմքով է սա իրականացվելու եւ ինչ նյուանսներ կան»,–նշել է փորձագետը։ 

Բացի այդ, քաղաքագետը տարակուսանք է հայտնել, որ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները կտեղակայվեն ոչ միայն Գյումրիի 102-րդ ռազմաբազայում, այլ նաեւ Երեւանում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայում ձեւավորվելու է  ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանում: 
ՌԴ  ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությանը հայտնել էր, որ զինվորական կարգուկանոնը պահպանելու, երեւեկության անվտանգությունն ապահովելու եւ օբյեկտների պահպանման համար Գյումրիի կայազորում ձեւավորվելու է ոստիկանության ստորաբաժանում: Անձնակազմը հատուկ հանդերձանք է ստանալու  եւ զինվելու է հաստիքային զենքերով, ռազմական տեխնիկայով եւ հատուկ միջոցներով։

Մինչ այդ  ռազմաբազայում  կարգուկանոն պահպանում էր պարեկապահակային հատուկ ծառայությունը, սակայն դրա կազմում եղած զինվորականները չունեին հատուկ պատրաստվածություն:  Ստեղծվելիք ստորաբաժանումը պատրաստվածություն է անցել Վլադիկավկազի զինվորական ոստիկանությունում: